Ես բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ Արևմուտքը չի ուզում թույլ տալ, որ կայանան նաև այն պայմանավորվածությունները, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ կնքվել են Երևանի և Բաքվի միջև: Օրինակներից մեկը Սյունիքի մարզով անցնող ճանապարհն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, 2023թ. ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հենց Հայաստանն է, որ դժվարություններ ունի երթուղու բացման հարցում, ինչպես դա արձանագրված է եռակողմ հայտարարության մեջ։ Չեն ուզում, որ այնտեղ ռուս սահմանապահները կանգնեն։ Թեև դա գրված է և ստորագրված է վարչապետ Փաշինյանի կողմից։ Չեն ուզում, որ մաքսային և սահմանային չեզոք վերահսկողություն լինի։ Միայն ինքնուրույն, իսկ դա հակասում է նրան, ինչի մասին պայմանավորվել ենք»,- ասել է Լավրովը։