Երևանը, հավանաբար, կընդունի Բաքվի պահանջները. #Stratfor
Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի կանխատեսմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանն այս տարի կարող են խաղաղության համաձայնագիր կնքել, սակայն նոր բախումների և նույնիսկ լայնամասշտաբ պատերազմի վտանգը կպահպանվի, քանի որ Բաքուն փորձում է շարունակել ճնշումը Երևանի վրա, փոխանցում է EADaily-ն: «Հայաստանը կօգտագործի Արևմուտքի հետ խորացող քաղաքական կապերն ու ռազմական աջակցությունը՝ Բաքվի կոշտ պահանջներին դիմակայելու համար։ Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանն ազդեցության շատ քիչ լծակներ ունի, Երևանը, հավանաբար, կընդունի Բաքվի պահանջները: Ադրբեջանում փետրվարի 7-ին նշանակված արտահերթ ընտրություններում սպասվող հաղթանակից հետո նախագահ Իլհամ Ալիևը կշարունակի մեծացնել ռազմական ներուժը Հայաստանի հետ սահմանների երկայնքով, որպեսզի պատրաստվի հնարավոր ներխուժմանը և ազդեցության լրացուցիչ լծակներ ստանա խաղաղ բանակցություններում: Եթե տարվա առաջին վեց ամիսներին զգալի առաջընթաց չգրանցվի, ապա ռիսկ կա, որ ամռանն Ադրբեջանը կփորձի բռնազավթել Հայաստանի հարավային հատվածը: Մյուս կողմից, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններն ու առևտրային կապերը զգալիորեն աճում են: Բաքուն կնպաստի Ռուսաստանն Իրանի հետ կապող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքի զարգացմանը: Եթե Բաքուն ներխուժի հայկական տարածք՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ հաստատելու համար, Ադրբեջանն ու Թուրքիան կհայտնվեն Արևմուտքի ճնշման տակ, և չի բացառվում, որ նրանք կփոխեն իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումն ու երես կթեքեն Արևմուտքից՝ ավելի սերտ կապեր հաստատելով Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ»,-գրում է Stratfor-ը: |