ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հունվարի 6-ին Հունաստան կատարած այցի ժամանակ, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսից պահանջել է զենքի նոր խմբաքանակներ մատակարարել Ուկրաինային, հաղորդում են հունական Olympia և Newsbreak պարբերականները:
Միցոտակիսը Բլինքենին ընդունել է Կրետեի Խանիա քաղաքում գտնվող իր տանը, ուր Բլինքենը ժամանել է Ստամբուլից՝ Թուրքիայի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումներից հետո: Բանակցությունների օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Հունաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցությունը:
Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը բանակցությունների արդյունքներով հայտնել է, որ Կիրիակոս Միցոտակիսը և Էնթոնի Բլինքենը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որը Հունաստանն ի սկզբանե ցուցաբերել է Ուկրաինային:
Միևնույն ժամանակ, տեղական ԶԼՄ-ների տվյալներով, Բլինքենը Միցոտակիսից պահանջել է ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային: «Նա նույնիսկ վերջնագիր է ներկայացրել. մի քանի օրվա ընթացքում վարչապետը պետք է վերջնական պատասխան տա»,- գրում է Olympia-ն: