ԱՄՆ-ը հունվարի 10-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում մտադիր է բարձրացնել Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հնարավոր փոխանցման հարցը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին:
«Ռուսաստանի Դաշնությունն ԱՄՆ-ի և Եվրոմիության երկրների կողմից պատժամիջոցների պատճառով լրջորեն ավելացրել է ռազմատեխնիկական համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ, որը, ենթադրաբար, բալիստիկ հրթիռներ, արձակման կայանքներ և այլ հարակից սարքավորումներ է փոխանցել Ռուսաստանին: Հունվարի 10-ին ՄԱԿ-ի ԱԽ նիստում մտադիր ենք բարձրացնել այդ հարցը: Հունվարի 9-ին 47 երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, ԱՄՆի, Վրաստանի, Ֆրանսիայի, Արգենտինայի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների գնումը, ինչը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերը»,- ասել է Քիրբին: