Ըստ դատավոր Անի Հարությունյանի՝ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը հետընթացով գործարկել «հնարավոր չէ»
Հայաստանում դատական տարօրինակ վճիռների շարքը շարունակվում է։ Օրերս խմբագրություն է դիմել մի քաղաքացի և ներկայացրել վարչական դատարանի տարօրինակ մի որոշում, ըստ որի` դատավոր Անի Հարությունյանը պնդում է, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը հետընթաց կատարելով գործարկելը «հիմնավոր չէ»։ Ըստ դատավոր Անի Հարությունյանի՝ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը հետընթացով գործարկել «հնարավոր չէ» Խմբագրությունն ուսումնասիրել է քաղաքացու բողոքը և պարզել հետևյալը․ մայրաքաղաքի կենտրոնում, կեսօրին, երթևեկության պահին ավտոմեքենայի շարժիչն անջատվել է։ Քաղաքացին միացրել է վթարային ազդանշանները և փորձել գործարկել այն, սակայն չի ստացվել։ Երթևեկելի ակտիվ գոտում խցանում չստեղծելու համար, և քանի որ ավտոմեքենան մեխանիկական փոխանցումատուփով է, քաղաքացին կատարել է 2-3 մետր ինքնագնաց հետընթաց, գործարկել ավտոմեքենան, ազատել երթևեկելի գոտին ու շարունակել ընթացքը։ Միջադեպի ողջ տևողությունը 48 վայրկյան է։ Օրեր անց, քաղաքացին ստացել է վարչական իրավախախտման ակտ՝ 5000 դրամի չափով (տեսախցիկի արձանագրումով)։ Քաղաքացին բողոքարկել է ակտը վարչական մարմնին, սակայն բողոքը մերժվել է։ Քաղաքացին դիմել է վարչական դատարան, ներկայացրել տեսագրությունը, իսկ պատճառաբանական մասում հղում է կատարել «ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 2-րդ հոդված»-ին։ Այն սահմանում է, որ «հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անuարքության (...) տրանuպորտային միջոցն անշարժ վիճակի բերելը (...), օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա»։ Սակայն դատավոր Անի Հարությունյանն անտեսում է օրենսդրության սույն կետը և կայացնում է վճիռ, որը հիմնավորում է տարօրինակ պնդումով, նշելով՝ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենան «հետընթաց կատարելով՝ գործարկել շարժիչը, հիմնավոր չէ»։ Դատավոր Անի Հարությունյան Ենթադրելով, որ վճիռը կայացվել է տեխնիկական գիտելիքների պակասի և ավտոմեքենաների մեխանիկական և ավտոմատ փոխանցումատուփերի տարբերությունները չտիրապետող անձի կողմից, քաղաքացին բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ բողոքում քաղաքացին նաև մանրամասնել է, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը հնարավոր է գործարկել և՛ առաջ, և՛ հետ՝ ինքնագնաց եղանակով, ինչը հանրահայտ փաստ է։ Սակայն տեղի է ունեցել այս պատմության ամենազավեշտալի դրվագը․ վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը, դատավոր Ռաֆիկ Խանդանյանը և դատավոր Հրաչ Այվազյանը դատավոր Անի Հարությունյանի վճիռը թողել են անփոփոխ՝ հաստատելով, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենայի շարժիչը «հետընթաց ինքնագնաց կատարելով գործարկել, հիմնավոր չէ»։ Այսպիսով, Հայաստանում քաղաքացին այդպես էլ չի կարողացել 4 դատավորներին ապացուցել, որ մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենաների շարժիչը հնարավոր է գործի դնել առաջ կամ հետ ինքնագնաց եղանակով, սա այն դեպքում, երբ դատավորներից երկուսը տղամարդ են և ավելի շատ են առնչվում ավտոմեքենաների տեխնիկական հարցերին։ Ավելին, հանրահայտ այս փաստն ապացուցելու անհույս փորձերի ընթացքում քաղաքացին ծախսել է ավելի քան 20.000 դրամ (դատական ծախսեր և պետական տուրք) և ստիպված վճարել նաև 5000 դրամ վարչական ակտի գումարը։ Դատավոր Ալեքսանդրա Հարությունյան Դատավոր Ռաֆիկ Խանդանյան Դատավոր Հրաչ Այվազյան |