ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը միջոցներ է մշակում մերձավորարևելյան հակամարտության ընդլայնման և ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում դրա տարածման դեպքում, գրում է Politico-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին:
Աղբյուրների խոսքով՝ հակամարտության ընդլայնման հավանականությունն աճում է Իրաքի, Լիբանանի և Իրանի տարածքում վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով: Դա համոզել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին, որ հակամարտությունը «պաշտոնապես տարածվել է Գազայի հատվածի սահմաններից դուրս»:
Politico-ի զրուցակիցները պատմել են, որ այժմ ամերիկացի զինվորականները մշակում են Եմենի հուսիներին պատասխան հարված հասցնելու ծրագիր, որոնք բազմիցս հարձակվել են Կարմիր ծովում առևտրային նավերի վրա: Հետախուզության ներկայացուցիչներն իրենց հերթին փորձում են կանխատեսել և կանխել Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ուժերի վրա հնարավոր ապագա հարձակումները, ինչպես նաև որոշել հուսիների հաջորդ հարձակումների հնարավոր օբյեկտները:
Politico-ն նշում է, որ մերձավորարևելյան հակամարտության աճը սպառնում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգությանը, այլև նախագահ Բայդենի վերընտրվելու հնարավորություններին: Պարբերականը նշում է, որ ընտրողները 2024 թվականին կարող են արտահայտվել այս ընտրություններում արտաքին քաղաքականության առանցքային հարցի շուրջ, և թե որքանով Ամերիկան պետք է ներգրավված լինի արտասահմանյան հակամարտություններում: