Meta Platforms-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը 2023 թվականի վերջին երկու ամսում վաճառել է իր ընկերության մոտավորապես 1,28 միլիոն բաժնետոմս՝ ընդհանուր վաստակելով 428 միլիոն դոլար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Արժեթղթերի հանձնաժողովը (SEC):
Ըստ Bloomberg-ի գնահատումների՝ միջինում 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին իրականացված գործարքներից յուրաքանչյուրը Ցուկերբերգին բերել է 10,4 մլն դոլար, իսկ առավելագույն ծավալը արժեթղթերի վաճառքն է եղել դեկտեմբերի 28-ին. այս օրը Ցուկերբերգը 47664 բաժնետոմսի դիմաց վաստակել է մոտ 17,15 մլն դոլար։
Ցուկերբերգն, ով երկու տարի չի վաճառել Meta Platforms-ի բաժնետոմսերը, բացատրում է իր բաժնետոմսերի մի մասը վաճառելու որոշումը նրանով, որ վերջին տարվա ընթացքում գնանշումները զգալիորեն աճել են և այժմ գտնվում են 2021 թվականին հասած առավելագույն մակարդակին մոտ:
Bloomberg-ը Ցուկերբերգի ընդհանուր կարողությունը գնահատում է 125 միլիարդ դոլար՝ նրան դասելով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի յոթերորդ տեղում։