Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանն ու Թայվանն անպայման կվերամիավորվեն

20:19, կիրակի, 31 դեկտեմբերի, 2023 թ.
Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանն ու Թայվանն անպայման կվերամիավորվեն

Թայվանի հետ Չինաստանի վերամիավորումը «պատմական անհրաժեշտություն է», ասել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն իր ամանորյա ուղերձում։ Տեքստը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ-ի կայքում։
     «...Հայրենիքի վերամիավորումը պատմական անհրաժեշտություն է, և [Թայվանի] նեղուցի երկու կողմի հայրենակիցները պետք է միանան և կիսեն ազգային երիտասարդացման մեծ փառքը»,- ասել է Սի Ցզինպինը` հիշեցնելով, որ 2024 թվականին կնշվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը: ՉԺՀ-ի ղեկավարն ասել է, որ Չինաստանը պետք է «կայունորեն խթանի արդիականացումը չինական մոդելի համաձայն և ամբողջությամբ, ճշգրիտ և համապարփակ իրականացնի զարգացման նոր հայեցակարգը»:
     Թայվանը 1949 թվականին դարձավ ապաստան Չինաստանի Հանրապետության կառավարության և Կումինթանգ կուսակցության համար, որը պարտվեց կոմունիստներին քաղաքացիական պատերազմում։ Նրանք չճանաչեցին չինական նոր իշխանությունների լեգիտիմությունը և չհամաձայնվեցին իրենց համարել երկրի մաս՝ կոմունիստներին ենթակա։ Պեկինը, իր հերթին, չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը և այն համարում է իր գավառներից մեկը։
     Դեկտեմբերի 27-ին ՉԺՀ-ի հիմնադիր Մաո Ցզեդունի ծննդյան 130-ամյակին նվիրված ելույթի ժամանակ Սի Ցզինպինն ասել է, որ Թայվանը «միանշանակ կմիավորվի մայրցամաքային Չինաստանի հետ»: «Մենք վճռականորեն կկանխենք, որ Թայվանը Չինաստանից որևէ կերպ առանձնացվի»,- հավելել էր նա:

3161 | 0
Facebook