ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին չի զարմացրել այն, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեջբերել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը: Մերիլենդ նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ Բայդենը նշել է, որ Թրամփը շատ հարցերում համաձայն է Մոսկվայի հետ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Այս հանգստյան օրերին Թրամփն աջակցել է իր հին ընկեր Պուտինին: Թրամփը նույնիսկ մեջբերել է նրան: Դա զարմանալի չէ: Ի վերջո, Մոսկվայի և Մար-ա-Լագոյի (Թրամփի կալվածքը Ֆլորիդայում) միջև համաձայնություն կա»,- ասել է Բայդենը:
Նյու Հեմփշիրում հանրահավաքի ժամանակ Թրամփը մեջբերել էր Պուտինին՝ ապացուցելով, որ ԱՄՆ-ը շատ վտանգավոր իրավիճակում է: Նա հիշեցրել էր Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ Պուտինի հայտարարությունը. «Ընդդիմախոսների՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդումը շատ լավ է Ռուսաստանի համար, քանի որ դա ցույց է տալիս ամերիկյան համակարգի փտումը»: