Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինքնաարդարացման խնդիրն է լուծում, բայց այդ խնդիրը լուծում չունի»․ Վարդան Հարությունյան

16:18, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
«Ինքնաարդարացման խնդիրն է լուծում, բայց այդ խնդիրը լուծում չունի»․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանն ասում է․ «Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր դարձել 2016թ-ի օգոստոսին։ ․․․Խնդիրն այն է, որ ես ինքս էդ պրագմատիկ իրողության հետ չեմ կարողացել հաշտվել մի քանի պատճառներով»:
     Իրական պատճառների մասին չի խոսում։ Չի ասում, որ պոպուլիզմը, դատարկ, բայց «հերոսական» հայտարարությունները, ծափահարություններ էին բերում ու ինքը վազում էր դրանց հետևից։ Չի ասում, որ իր գլխավոր գործը ծափահարություններ կորզելն է եղել։ Չի ասում, որ պատերազմի վտանգը չի հասկացել։ Չի հասկացել, գուցե այսօր էլ չի հասկանում, թե ինչ արհավիրք է պատերազմը։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո իրատես չի եղել, հետեւաբար՝ իրողություններից բխած քայլեր չի ձեռնարկել, ինչն էլ նոր նահանջների ու նոր կորուստների է հանգեցրել ու հանգեցնում։
     Մի կողմ թողնենք հանգամանքը, որ տարբեր առիթներով տարբեր թվականներ է նշում։ Կարևորն այն է, որ նա դեռ չի հասկացել, չի ընդունում ու չի բարձրաձայնում, որ փոխզիջումներով խնդիրը լուծելուց հրաժարվելն է մեզ այս վիճակին հասցրել։ Չի ցանկանում հիշել, թե նույն 2016-ին ու դրանից հետո ինքն անձամբ ինչ կրքով էր փոխզիջումներով խնդիրը լուծելու առաջարկները մերժում։ Չի հիշում, թե ինքն ինչ քաջ ոչմիթիզական էր։ Չի հիշում, որ իշխանության գալուց հետո էլ նույն կարգախոսներով էր առաջնորդվում։ Ինքն իրեն հիշել չի ցանկանում։
     Պատասխանատվությունից խուսափել, բայց, չի մոռանում։ Այդ նպատակով էլ անընդհատ անցյալ է վերադառնում ու անցյալն է աղավաղում։ Անցյալը մատուցում է այնպես, ինչպես իրեն հարմար է այս պահին։
     Չի ցանկանում ընդունել, որ ինքը մեր վիճակի գլխավոր ճարտարապետներից մեկն է։ Որ իր սխալներն են նաև մեզ այստեղ բերել։ Փոխարենը, քանի տարի է՝ ինքնաարդարացման խնդիրն է լուծում, չգիտի, բայց, որ այդ խնդիրը լուծում չունի։ Պատմությունն արդեն արձանագրել է փաստերը։ Իսկ նրա հուսահատ վայրիվերումներն ու ինքնաարդարացման անհույս ճիգերն այդ փաստերին միայն լրացուցիչ նրբություններ են հաղորդելու»։

| | |
1575 | 0
Facebook