Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ, եկեք փորձենք հասկանալ՝ եթե Հայաստանն ունի արևմտյան հզոր պետությունների աջակցությունը, որոնք այդպես ճնշում են Ադրբեջանին և ստիպում ինչ որ բաներ (ըստ այդ «բովանդակության» զանազան ապոլոգետների) , ապա պաշտոնական Երևանի ամենատարբեր մակարդակի հռետորաբանությունը՝ վերից վար, ինչո՞ւ է այդքան վախվորած, այն էլ հարցերում, որոնք ոչ թե վերաբերում են Ադրբեջանի դեմ հավակնությանը, այլ Հայաստանի անվտանգությանն ու պարզապես իրերն իրենց անունով կոչելուն:
Թե՞ Հայաստանին «հզորներն» ասում են, թե՝ գիտեք, մենք Ադրբեջանին զսպում ենք, բայց պայմանով, որ դուք էլ պետք է զսպեք ձեզ և չխոսեք ոչինչ, որը Ադրբեջանը հանկարծ կհամարի ավելորդ, «հավակնոտ» կամ «ռևանշոտ»:
Ու դա դեռ քիչ է, Հայաստանի կառավարող մեծամասնության շրջանակից մի բան էլ ծավալվում է խոսակցություն «ռևանշի» դեմ, թե բա «ռևանշից խոսելը կնշանակի ՀՀ-ի չգոյություն»:
Եվ սա մի պարագայում, երբ Ալիևը օրեր առաջ հայտարարում է, թե՝ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը բացառի հավակնությունները Ադրբեջանի հանդեպ: Ու սա մի դեպքում, երբ Հայաստանը պաշտոնական, պետական մակարդակով չի ներկայացնում որևէ այդպիսի հավակնություն, ի տարբերություն Բաքվի՝ «Արևմտյան Ադրբեջան» պետական հովանավորությամբ առաջ մղվող դիրքորոշման ու ծրագրի:
Բայց, Ալիևի խոսքը այն մասին չէ, թե Հայաստանը պետական մակարդակով է ներկայացնում: Ալիևը հավակնում է խաղաղության պայմանագրով ամրագրել Հայաստանի որևէ ուղղակի, թե անուղղակի՝ առնվազն մեկնաբանության ենթակա պարտավորություն, որ այսպես կոչված ռևանշի որևէ տառ անգամ բացառվի հասարակական-քաղաքական կյանքում ընդհանրապես, իսկ հնչելու դեպքում Ադրբեջանն ունենա դա «հավակնություն» գնահատելու «հիմք»:
Եվ, երբ պետական որևէ պաշտոնյա, ներկայացուցիչ Հայաստանում խոսում է այն մասին, թե «ռևանշը ՀՀ վերջն է և կարող են արտաքին ինչ-որ ուժեր հրահրել այստեղ այդպիսի տրամադրություն», ապա դա այլ բան չէ, քան հենց ինքնին ՀՀ շահերի և անվտանգության դեմ գործողություն՝ Ալիեւի «ակնկալիքների» արդարացման և հիմնավորման ուղղությամբ:
Եվ, եթե այդ գործողությունները դիտավորություն չեն, ապա վերջ տվեք և գոնե լռեք, մի խոսեք այդ թեմաներով, դա կլինի նվազագույնը, որ կբխի ՀՀ շահերից»։