Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը տարիներ շարունակ լուռ ողջունել է Կատարից ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորումը՝ հույս ունենալով, որ դա կօգնի նրանց պահպանել իշխանությունն ու խաղաղությունը Գազայի հատվածում, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի տվյալներով՝ տարիներ շարունակ Կատարը Գազայի հատվածը ֆինանսավորել է մարդասիրական նպատակներով, ինչպիսիք են աշխատավարձերի վճարումը և էլեկտրակայանների աշխատանքը պահպանելու համար վառելիքի գնումը: Սակայն իսրայելական հետախուզության ներկայացուցիչներն այժմ կարծում են, որ այդ գումարը դեր է խաղացել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման հաջողության մեջ:
«Տարիներ շարունակ Կատարի կառավարությունն ամեն ամիս միլիոնավոր դոլարներ է ուղարկել Գազայի հատված, որով օգնել է ՀԱՄԱՍ-ի կառավարությանը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչ միայն հանդուրժել է այդ վճարումները, այլև խրախուսել է դրանք»,- գրում է թերթը։