Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. ««Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր դարձել 2016թ-ի օգոստոսին»,- ասում է Նիկոլ Փաշինյանը և խոստովանում, որ դա հասկացել է դեռ 2018-ին:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Փաշինյանը դարձյալ մանիպուլացնում է փաստերը՝ Արցախի կործանման պատասխանատվությունից խուսափելու համար:
Ավելի էական է այն, որ 2018-ին նա գիտակցել է, որ «Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի է», բայց գնացել է բացահայտ արկածախնդրության, հրաժարվել է լուծումներից, «Արցախը Հայաստան է և վերջ» արկածախնդրությամբ սադրել է հակառակորդին՝ դառնալով նվաստացուցիչ պատերազմի, տարածքային և մարդկային կորուստների պատասխանատու:
Ավելին, Փաշինյանը Հայաստանին ու հայ ժողովրդին խաբել է անգամ մարդակուլ պատերազմից հետո՝ թեև 2018-ից իմացել է, որ «Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր»: Նա 2021-ին ընտրություններին մասնակցել է «Անջատում՝ հանուն փրկության» կարգախոսով: Փաստորեն, հանուն իշխանության՝ նա ստորաբար խաբել է հայ ժողովրդին:
Մինչև պատերազմը նրան հանգիստ չէր տալիս Տիգրան Մեծի փառքը ու դրա համար հայ ժողովուրդը ծանր գին վճարեց:
Հիմա նա ամեն գնով փորձում է պահել իշխանությունը՝ չխորշելով ոչ մի կեղծիքից:
Սրա համար դարձյալ ծանր գին է վճարելու հայ ժողովուրդը:
Ազգակործան պատուհասը հո պոզով-պոչով չի՞ լինում...»։