Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. ««Մենք 30 տարի ուղղակի ժամանակ էինք վատնել ու ռեսուրսներ ենք ծախսել մի խնդրի վրա, որն, ի սկզբանե, անլուծելի էր»:
Սա Արցախի վերաբերյալ Փաշինյան Նիկոլի արտաբերած բառերն են:
Հայրենիքի վրա «ժամանակ չվատնելու և ռեսուրսներ չծախսելու» մասին կարող է խոսել միայն անհայրենիք մեկը: Սակայն, նույնիսկ անհայրենիքները կարծիք արտահայտելու և քաղաքական դիրքորոշում ունենալու իրավունք ունեն: Եվ, այս իմաստով, Փաշինյան Նիկոլի բառերը վտանգավոր են և դատապարտելի:
Նախ` «ի սկզբանե, անլուծելի խնդիրներ» չկան: Ցանկացած խնդիր լուծում ունի:
Բացի դրանից, նորագույն պատմությունը ցույց է տալիս խնդիրների լուծման տարբերակները: 70-ականների սկզբին հռչակվեց Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը, 90-ականներին` Կոսովոն անկախացավ Սերբիայից, Աբխազիան և Հարավային Օսեթիան` Վրաստանից, Մերձդնեստրը` Մոլդովայից: Մեր օրերում կիսվեց Սուդանը, Եթովպիան:
Անլուծելի՞ էր արդյոք Կոսովոյի խնդիրը: Ոչ, քանզի այս պահին աշխարհի 124 պետություն պաշտոնապես ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Նույնը Հարավային Սուդանի և Էրիթրեայի պարագայում: Համոզված եմ` մնացածն իրենց հերթին են սպասում:
Հյուսիսային Կիպրոսի խնդիրն առկախված է արդեն 50 տարի: Պատկերացնու՞մ եք, որ այդ տարածքի ղեկավարը հայտարարի Հյուսիսային Կիպրոսի «անիմաստության» մասին: Ես չեմ պատկերացնում:
Հայտարարելով, որ Արցախի հարցն «ի սկզբանե, անլուծելի էր», Փաշինյան Նիկոլը լուրջ հարված է հասցնում Հայաստանի Հանրապետությանը, վերջինիս քաղաքական իմիջին:
Արցախի խնդիրն «անլուծելի չէր»: Սխալ էր «ի սկզբանե» ընտրված արտաքին քաղաքական վեկտորը, որն ի վերջո հանգեցրեց Արցախի խնդրի «անլուծելիությանը»: Ի տարբերություն Հայաստանի, օրինակ` Կոսովոն ի սկզբանե ճիշտ վեկտոր էր ընտրել»։