ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ելույթում անդրադարձել է օրեր առաջ Սուրենավանում տեղի ունեցած դեպքին. «Թափառող շներից վախենալու հետևանքով դպրոցականները վազել էին, նրանցից մեկը վայր էր ընկել, գլուխը հարված սալիկին ու մահացել: Դրան հաջորդեց թափառող շների հանդեպ ատելության արշավ: Փաստացի, արդեն երեկ Հրազդանում ականատես ենք եղել շների սպանդի. առանձնակի դաժանությամբ վերացրել են թափառող շներին՝ նրանց վրա մի քանի անգամ կրակելով: Սա էլ արդեն ցասում է առաջացրել կենդանասերների շրջանում»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ դեպքերը հասարակությանը բաժանել են երկու մասի. «Բայց մեկ բան ակնհայտ է. սա կառավարության ու իրավապահ մարմինների թերի աշխատանքի հետևանքն է, որովհետև կառավարությունը առնվազն պետք է ապահովի ստերջացման համակարգը, որը թերի է կատարվում, ու իրավապահ համակարգը, որը հանդուրժում է անպատժելիության մթնոլորտը»: