ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից հաճախ տրվող հարցերի պատասխանները.
1. Որո՞նք են փախստական և քաղաքացի կարգավիճակների տարբերությունները:
Նշված երկու իրավական կարգավիճակները ենթադրում են իրավունքների և պարտականությունների տարբեր ծավալներ: Հաշվի առնելով, որ նշված կարգավիճակների մասով տրվող իրավունքների ծավալի մեջ առավել շատ են համընկնումները, մատնանշենք տարբերությունները և այլ առանձնահատկություններ, որոնք կօգնեն անձին որոշում կայացնել կարգավիճակի ընտրության հարցում:
– ՀՀ կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակչությանը փախստականի կարգավիճակ տրամադրվել է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ,
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի զինապարտության պարտավորություն (Սահմանադրություն, հոդված 14),
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության իրավունք (Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենք, հոդված 19, Հողային օրենսգիրք, հոդված 4),
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի համապետական ընտրություններին ընտրելու և ընտրվելու իրավունք,
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունք, սակայն ունի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք (Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, հոդված 13, կետ 1),
– Փախստականի կարգավիճակը անձին այլ երկրներում օրինական հիմունքներով բնակվելու հնարավորություն ինքնաբերաբար չի ընձեռում: Այլ երկրում օրինական հիմունքներով բնակության համար անձը պետք է անցնի տվյալ երկրի վարչարարական գործընթացներով, որոնք ենթակա են հաստատման կամ մերժման տվյալ պետության կողմից:
2. Անձնագրի ժամկետը լրանալու պարագայում ի՞նչ պետք է անի ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը:
Անձնագրի փոխանակման դիմում կարելի է ներկայացնել ցանկացած անձնագրային ծառայությունում՝ ներկայացնելով 2 լուսանկար և ժամկետանց անձնագիրը:
3. Ինչու՞ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին նույնականացման քարտ չի տրամադրվում:
Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, որոնք ունեն վավեր նույնականացման քարտ, կարող են օգտագործել փաստաթուղթը մինչև դրա ժամկետի ավարտը: Լեռնային Ղարաբաղի՝ ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչները կարող են դիմել նույնականացման քարտ ձեռք բերելու համար՝ համաձայն նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքի, հոդված 2:
4. Արդյո՞ք ՀՀ քաղաքացի դառնալով՝ ԼՂ բնակիչը չի նմանվում բռնի չտեղահանված ՀՀ քաղաքացիներին և չի վտանգում, որպես փախստական, տարբեր սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը, որ կարող են իրականացվել հետագայում:
Բռնի տեղահանության փաստը ՀՀ կառավարությունն արձանագրել է 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ, որով ժամանակավոր պաշտպանության է վերցրել ԼՂ բնակիչներին։ Տեղահանության հետևանքով արձանագրված իրավունքների խախտումները, այդ թվում՝ գույքային կորուստները, չեն անհետանում կամ դադարում գոյություն ունենալուց մարդու իրավական կարգավիճակի փոփոխության հետևանքով (առկա են նմանատիպ միջազգային նախադեպեր)։
Պետական աջակցության ծրագրերը, որոնք մշակվում են բռնի տեղահանված անձանց համար, սահմանում են չափորոշիչներ՝ շահառուների խումբը նկարագրելու համար: Չափորոշիչների թվում անձի՝ տեղահանված լինելու հանգամանքով է պայմանավորված տվյալ ծրագրի շահառու ճանաչվելու հնարավորությունը:
5. Ի՞նչ է լինում այն անձի կարգավիճակը, որը չի ընտրել ո՛չ փախստականի կարգավիճակ, ո՛չ էլ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել։
ՀՀ Կառավարության 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակիչներին տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ: Հետևաբար, եթե անձը քաղաքացիություն ստանալու դիմում չի ներկայացրել և համապատասխանում է կառավարության որոշմամբ սահմանված 3 խմբերից մեկի նկարագրությանը, ապա նա արդեն իսկ ճանաչվել է փախստական:
Այսպիսով, ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել՝
1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,
3) այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից,
– եթե չունեն որևէ այլ երկրի քաղաքացիություն։
6. ՀՀ-ում հաշվառվելվու համար պարտադի՞ր է տանտիրոջ համաձայնությունը: Եթե տանտերը դեմ է, բայց անձը փաստացի բնակվում է տվյալ հասցեում, ինչպե՞ս հաշվառվել:
Հաշվառումն իրականացվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ կառավարության 14.07.2005 թ. թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու համար անձը դիմում է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Վերոհիշյալ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթի հիման վրա (քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել):
Համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 20.1 կետի՝ հաշվառման վերաբերյալ ներկայացված դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից:
Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին: