«Հայկուհի Հարությունյանը, լինելով ապաքաղաքական ու նախորդ չորս տարիների ընթացքում ցուցաբերելով կամք, վճռականություն՝ ողջ կոլեկտիվի հետ միասին, փորձ է արել կայացնել մի ինստիտուտ, որի զավթման ուղղությամբ հիմա դուք իրականացնում եք հերթական գործողությունը»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դիմելով ՔՊ-ին:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Թափուր պաշտոնում առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը: «Ուսումնասիրելով հանձնաժողովի կայք-էջը՝ հայտնաբերեցի տեղեկանք՝ ռիսկային չափորոշիչների հիմքով հայտարարագրերի վերլուծության արդյունքների վերաբերյալ, որտեղ ռիսկային տիրույթում են գտնվում հետևյալ պաշտոնատար անձինք՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, տեղակալներ, ՀՀ վարչապետ, փոխվարչապետ, նախարարներ, ոստիկանության պետ և այլն»,- հայտարարեց Մինասյանը: Պատգամավորի խոսքով՝ 95 բարձրաստիճան պաշտոնյա գտնվում է նշանառության տակ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում հայտնվելու համար. «Հետևաբար, իշխանության նպատակն է՝ քողարկել այս պաշտոնյաների կողմից հնարավոր բացահայտման ենթակա խախտումները»,- եզրափակեց պատգամավորը: