Միլլի մեջլիսը, ինչպես և սպասվում էր, ձևավորեց նոր «Աղդերինի» շրջան: Խոսքն Արցախի Մարտակերտի շրջանի մասին է, որի տարածքը 1992 թվականին ապօրինաբար բաժանվել է Ադրբեջանի Քելբաջարի, Տերտերի և Աղդամի շրջանների միջև, գրում է infoteka24 թելեգրամյան ալիքը:
Ինչպես հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները, «նոր ձևավորված» շրջանի կենտրոնը շարունակում է մնալ Մարտակերտ քաղաքը: Ինչ վերաբերում է տարածքին, ապա Քելբաջարի շրջանի ենթակայությունից «փոխանցվում է» 735,87, Տերտերից՝ 851,25, Աղդամից՝ 73,84 քառ.կմ: ԶԼՄ-ները նշում են, որ Մատաղիս համայնքը «նորից կմտնի» Մարտակերտի շրջանի կազմի մեջ:
Հարկ է նշել, որ Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր օկուպացվել են դեռևս 1992 թվականին: Հայտնի չէ, թե քանի ադրբեջանցի է տեղափոխվել այնտեղ։ Մարտակերտի շրջանի ողջ հայ բնակչությունը տեղահանվել է։ Թե ում համար և ինչ նպատակներով է ձևավորվում «նոր թաղամասը», դժվար չէ ենթադրել. Ալիևը «ժողովրդագրական» պատերազմ է սկսում: