«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն այսօր զավթեց Ալավերդու համայնքապետի պաշտոնը, որը մինչ այս զբաղեցնում էր ոչ իշխանական ուժի ներկայացուցիչ։ Նախորդիվ էլ, ընդդիմությունից ավագանու անդամ պոկելով` զավթել էր Ախուրյանի համայնքապետի պաշտոնը, իսկ Վանաձորում համայնքազավթման գագաթնակետն էր, ընտրությունից անմիջապես հետո ձերբակալեցին ոչ իշխանական, ամենաշատ ձայն տարած ուժի թեկնածուին ու մինչ օրս, գրեթե երկու տարի պահում են կալանքի տակ։
Հիշեցնեմ, որ այս համայնքներում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո Նիկոլը հոխորտում էր, թե Հայաստանում այնպիսի ժողովրդավարություն է հաստատվել, որ իշխող ուժը պարտվում է առանձին համայնքներում և ինքը դրա համար իբր հպարտ էր։ Պա՞րզ էր չէ, որ իշխանությունը պլանավորել էր «հպարտանալուց» հետո զավթել նշված համայնքների ղեկավարների պաշտոնները, երբ դրա կարիքը ավելի շատ կունենա։
Այդ ժամանակը եկել է, ՔՊ-ն ակտիվացնում է մարզային կառույցները, ստեղծում կուսակցական նոր մարմիններ, առավել ամրապնդում վարչական լծակները` պատրաստվելով եկող տարի նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Վարկանիշը անվերադարձ կորցնելով` Նիկոլը այլ ելք չի տեսնում, քան վարչական լծակներն ու ռեպրեսիվ գործողությունները մեծացնելը։
Համայնքապետերի զավթման ավարտին կհաջորդի ԱԺ արտահերթ ընտրությունները, որով էլ կազատվի և սպառվող ընդդիմությունից, և սեփական թիմի մի մասից»: