ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց. «Հերթական անգամ մեծամասնությունը թույլ չտվեց ընդդիմության կողմից նախաձեռնված հարցը մտնի նստաշրջանի նիստի օրակարգ ու քննարկվի նիստում: Հերթական նախաձեռնությունը սպանվեց հանձնաժողովի մակարդակում: Որպես ԱԺ նախագահ՝ չեք գտնո՞ւմ, որ ձեր կուսակիցների այս պահվածքն ուղղակի հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն միտված քայլ է»: Սիմոնյանն արձագանքեց. «Որպես ԱԺ նախագահ՝ գտնում եմ, որ պառլամենտարիզմը ոչնչացնում է նիստերին չգալը, ընդդիմությանը տրամադրված հանձնաժողովների ղեկավար մարմիններ չձևավորելը, խորհրդի նիստերին չմասնակցելը և այլն»:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նիստի օրակարգում չընդգրկվեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը: