Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

Նախաձեռնությամբ տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն

18:30, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ.
Նախաձեռնությամբ տուգանքի չափը նվազեցնելու համար քաղաքացին այլևս պարտավոր չի լինի ԱՊՊԱ պայմանագիրը ներկայացնել Ոստիկանություն

Գործող կարգավորմամբ ՀՀ քաղաքացիներն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պարագայում տուգանվում են 100 հազար դրամով: Սակայն առկա է խրախուսող նորմ, ըստ որի, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու հանգամանքն արձանագրելուց հետո 24 ժամվա ընթացքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և դրա մասին ապացույց Ոստիկանություն ներկայացնելու պարագայում քաղաքացիները կարող են 100 հազար դրամի փոխարեն վճարել 25 հազար դրամ՝ ի սկզբանե նախատեսված տուգանքի 25 տոկոսի չափով:

«Մեր քաղաքացիները ոչ միայն պարտավոր են մոտակա 24 ժամվա ընթացքում այդ գումարը վճարել, այլ նաև պայմանագիրը ներկայացնել կա՛մ Ոստիկանության որևէ բաժանմունք, կա՛մ որևէ պարեկային ծառայողի»,- ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ընդգծել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը:

Հեղինակն առաջարկում է գործող հավելյալ պարտավորությունը հանել քաղաքացիների վրայից, որովհետև վերոնշյալ տեղեկատվությունը հասանելի է Ոստիկանության ծառայությանը:

Արդյունքում՝ քաղաքացուց այլևս չի պահանջվելու մոտենալ Ոստիկանություն, ներկայացնել ԱՊՊԱ պայմանագիրը՝ որպես ապացույց: Ոստիկանությունն օնլայն պետք է հետևի, տեսնի ու վարույթը կարճի՝ 100 հազար դրամի փոխարեն նախատեսելով 25 հազար դրամ պատասխանատվություն:

Էդուարդ Աղաջանյանի տեղեկացմամբ՝ հարցը քննարկվել է ներքին գործերի նախարարության գործընկերների հետ: Նշվել է, որ որոշ տեխնիկական հարցերի շուրջ մինչև երկրորդ ընթերցում հնարավոր կլինի գալ համաձայնության:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը կարևորել է նախաձեռնության ընդունումը, հորդորել հանձնաժողովի անդամներին կողմ քվեարկել: Պատգամավորը հիշեցրել է, որ 75 տոկոսի վճարման պարտականությունից ազատող ու խրախուսող նորմը գործում է ամիսներ առաջ իր հեղինակած նախաձեռնությամբ: Ըստ Արմեն Խաչատրյանի՝ փոփոխությունը դրական ազդեցություն է ունեցել, ավելացել է պայմանագրերի քանակը:

Կառավարության դիրքորոշումը նախաձեռնության վերաբերյալ դրական է. այս մասին բարձրաձայնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նրա խոսքով՝ վարչարարության պարզեցումը կնպաստի գործընթացն առավել դյուրին կազմակերպելուն: Կառավարությունը տեխնիկական առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունելի են համարվել հեղինակի կողմից:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

3268 | 0
Facebook