Դեկտեմբերի 1-ին, ժամը 11:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ-Բենիամին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին բախվել են, «BMW» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1982թ.), «Ford» (վարորդ՝ Վ․ Կ․, ծնված 1989թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Ս., ծնված 1992թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինի վարորդը և ուղևոր Ի․ Հ-ն (ծնված 1977թ.) տեղում մահացել են:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ-ն (ծնված 1987թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Վ. Կ-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Մ-ինը՝ ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Գ․ Ս-ի և Ի․ Հ-ի դիերը:
Տեղեկատվություն է ստացվել, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ։