Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կատարում ըստ էության նվաստացրել են Գերմանիայի նախագահ Շտայնմայերին: Նա ժամանել է Դոհա, սակայն օդանավի շարժասանդուղքի մոտ չի եղել դիմավորող որևէ պաշտոնյա: Շտայնմայերը օդանավի դուռը բաց կանգնած սպասել է, մինչ կգա դիմավորող պաշտոնյա:
Սա, ըստ ամենայնի, Կատարի պատասխանն է Գերմանիայի արտգործնախարար Բերբոքի՝ շաբաթներ առաջ Կատարի ԱԳ նախարարի հանդիպումից առաջ թույլ տված արտահայտության: Բերբոքը Կատարի արտգործնախարարի հետ հանդիպումից առաջ ասել էր, թե նրա հետ հանդիպմանը կասի նաև ահաբեկության ֆինանսավորման անթույլատրելիության մասին: Կատարի նախարարն, իհարկե դրանից հետո չէր հրաժարվել հանդիպումից, բայց թերևս մտապահել էր, այսպես ասած՝ «բրիտանական ոճով»:
Եվ ահա, «մտապահածը» թերևս դուրս են բերում Գերմանիայի նախագահ Շտայնմայերի դիմաց:
Իսկ ընդհանրապես, գերմանացի պաշտոնյաների հետ վերջին շրջանում «էքսցեսները», ընդ որում, թե միջազգային, թե «տեղական», կարծես թե հաճախակի են: Օրինակ, շաբաթներ առաջ կանցլեր Շոլցին Թել Ավիվի օդանավակայանում պառկեցրել էին գետնին՝ երբ օդանավ նստելու ճանապարհին օդանավակայանը հրթիռակոծվել էր: Իսկ մի քանի ամիս առաջ էլ նույն Շոլցին արդեն Գերմանիայի օդանավակայանում օդանավ նստելիս, շարժասանդուղքի մոտ, հանկարծ մոտեցել էր ինչ որ մի քաղաքացի և գրկախառնվել անակնկալի եկած ու ապշահար կանցլերի հետ՝ անվտանգության աշխատակիցների ոչ պակաս ապշահար հայացքի ներքո: Թե ինչպես էր քաղաքացին հասել կանցլերի օդանավի շարժասանդուղքի մոտ, գոնե հրապարակավ կարծես թե չի պարզաբանվել»: