ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ Արցախն Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991-ին: «Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակելը եղել է Նիկոլ Փաշինյանի սպեցօպերացիան, որի գլխավոր իմաստը եղել է այն, որ նա փորձի իր կապիտուլյացիոն քաղաքականությունը, ձախողումներն ինչ-որ իմաստով ներկայացնել որպես Տեր-Պետրոսյանի խաղաղության ծրագրի շարունակություն: Տեր-Պետրոսյանը լրիվ ուրիշ բան էր առաջարկում, առաջարկում էր ուժի դիրքերից գնալ արժանապատիվ խաղաղության՝ պահպանելով ամբողջ ԼՂ-ն ու ԼՂ-ն ՀՀ-ին կապող բոլոր տարածքները մեր վերահսկողության տակ՝ զիջելով այն շրջանները, որոնք Ղարաբաղից դուրս էին: Բայց Փաշինյանը բանակցությունները մի կողմ դրեց, ներքաշեց մեզ պատերազմի մեջ, 5000 մարդ զոհաբերեց, բոլոր տարածքները տվեց, Ղարաբաղն էլ հետը զոհաբերեց... Եթե դու ձախողել ես, կորցել Ղարաբաղը, քո միակ փրկությունը մնում է կեղծել իրավիճակը, ասել՝ դե՜ռ 1991-ից Ղարաբաղը կորցրած էր, էդ մենք չենք կորցրել և այլն: Բայց դրա համար պետք է շատ փաստեր կեղծես»,- նշել է Զուրաբյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախն Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991թ.: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Ալիևը չէր վերցնում Արցախն այս 30 տարիների ընթացքում, Վահագն Խաչատուրյանն արձագանքել էր՝ «թող վերցներ»: