Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 74-ամյա Անթառամ Ս-ն և հայտնել, որ ժամը 12:00-ի սահմաններում Խորենացի և Օստրովսկու փողոցների խաչմերուկում իրեն անծանոթ անձը քաշելու միջոցով փորձել է բացահայտ հափշտակել իր ձեռքի պայուսակը, ապա հանցագործությունն ավարտին չհասցնելով դիմել է փախուստի: Անթառամ Ս-ին են այցելել ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և կարճ ժամանակ զրուցելով նրա հետ արդեն օպերատիվ տվյալներով ճշտել էին ենթադրյալ գողի ինքնությունը: Ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ կատարողը Երևանում «թրև եկող», մշտական բնակության վայր չունեցող 41-ամյա Գավրիլ Պրեյդան է: Նրան հայտնաբերել են Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում: Ըստ նախնական տեղեկությունների, նա պատրաստվում էր մեկնել հեռավոր մարզերից մեկը: