Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած պաշտոնյաներին ընդունում է մի սրահում, որի պատերից մեկին Արագածի մեծադիր որմնանկարն է պատկերված:
Այսպես, Փաշինյանը երեկ Արագածի պատկերով սրահում ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասաթուգու Ասակավային, իսկ այսօր Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ավելի վաղ նա ասել էր. «Ես չեմ լսել, որ որևէ մեկը մեզնից սեր արտահայտի Արագածի նկատմամբ, և դա ինձ համար պրոբլեմ է։ Ես ոչ մեկի մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, իմ տանն էլ չկա»։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ խոսելով Արագած ու Արարատ լեռների մասին, խոսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող և չհանդիսացող տարածքների մասին է. «Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ»։
Նա նաև ասել էր. «Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի՝ երազանքի ու իրականության արանքում»։