Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Ուկրաինայի Պետական ​​հետախուզական ծառայության ղեկավարի կնոջը թունավորել են

18:30, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2023 թ.
Ուկրաինայի Պետական ​​հետախուզական ծառայության ղեկավարի կնոջը թունավորել են

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի կինը՝ Մարիաննան, հոսպիտալացվել է ծանր մետաղներով թունավորում ախտորոշմամբ։ Երեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին, այս մասին առաջինը հայտնել է Babel հրատարակությունը՝ վկայակոչելով անանուն զրուցակցին:

«Այդ նյութերը ոչ մի կերպ չեն օգտագործվում առօրյա կյանքում կամ ռազմական գործերում: Դրանց առկայությունը կարող է վկայել կոնկրետ անձի թունավորման միտումնավոր փորձի մասին»,- պնդում է աղբյուրը՝ չհստակեցնելով, թե ինչ նյութեր են հայտնաբերվել մարմնում:

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Մարիաննա Բուդանովան հոսպիտալացվել է «առողջության երկարատև վատթարացումից հետո»։ Նա արդեն ավարտում է բուժման կուրսը և կլինի հսկողության տակ, գրում է լրագրողը։ Ըստ հրապարակման՝ հետաքննվում է սպանության փորձի դեպքը։ Հոսպիտալացման կամ հետաքննություն սկսելու մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Մարիաննա Բուդանովայի թունավորման մասին խոսել են նաև «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրները։ Ըստ նրանց, Պետական ​​հետախուզության վարչության պետի կինը «ամենայն հավանականությամբ թունավորվել է սննդի միջոցով»։ «Նա գանգատվում էր վատ ինքնազգացողությունից, ուստի անալիզներ է հանձնել, որոնք բացահայտել են թունավորումը»,- բացատրել է զրուցակիցը:

Ըստ հրատարակության աղբյուրի՝ թունավորումը հաստատվել է «ևս մի քանի աշխատակիցների մոտ»։

Հետախուզության գլխավոր վարչությունը հաստատել է Բուդանովի կնոջ՝ Մարիաննայի թունավորումը։

Այս տարվա հունիսին ՀԳՎ-ի ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը պնդում էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր «տասից ավելի» փորձ է արվել` սպանել հետախուզության պետ Կիրիլ Բուդանովին։

4768 | 0
Facebook