Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Հայաստանում նախագահի ինստիտուտ գործում է, որ ի՞նչ անի». Հակոբ Բադալյան

01:06, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2023 թ.
«Հայաստանում նախագահի ինստիտուտ գործում է, որ ի՞նչ անի». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախի պետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն, ասում է ՀՀ նախագահը` ի պատասխան լրագրողների հարցերի` նշելով, թե Հայաստանը հոգում է արցախցիների խնդիրները:
     Այս առնչությամբ կարծիքս արտահայտել եմ: Թեման, իհարկե, նուրբ է, բայց առնվազն անհրաժեշտ է, որ Հայաստանի որևէ պետական պաշտոնյա առնվազն ամեն ինչ անի այդ թեմայի վերաբերյալ գոնե լռություն պահելու համար:
     Սակայն, այս պարագայում, Հայաստանի նախագահի հարցադրումը՝ գործում են, որ ի՞նչ անեն, լիովին վերաբերելի է նաև Հայաստանի նախագահի ինստիտուտին: Հայաստանում նախագահի ինստիտուտ գործում է, որ ի՞նչ անի, և ի՞նչ է անում այդ ինստիտուտը, Հայաստանի ի՞նչն է պակաս լինելու, եթե չլինի այդ ինստիտուտը:
     Եվ սա իսկապես առանցքային հարց է: Խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում նախագահի ինստիտուտը կարող է դեր ունենալ մի պարագայում՝ նախագահի անձնական բարձր հեղինակության, այսինքն, դրանից բխող՝ խոսքի ուժի: Եթե նախագահի պաշտոնը զբաղեցնող գործիչը իր տրամաչափով այդպիսին չէ, ապա պաշտոնը դառնում է բացարձակապես ավելորդ:
     Ընդգծեմ, որպեսզի որոշ մարդիկ իրենց բնորոշ «մտածողությամբ» չնենգափոխեն, որ խոսքը նախագահի «ընդդիմադիր» լինելու մասին չէ: Նախագահը չպետք է լինի ընդդիմություն, ընդդիմության համար կա խորհրդարան:
     Խոսքը նախագահի ամենևին ոչ վճռորոշ լիազորությունների պայմաններում նրա անձնական բարձր հեղինակության, տրամաչափի, և այդով հենց քաղաքական բալանս ապահովելու կարողության մասին է, երբ միանգամայն շրջանցելի լիազորությունների պարագայում «անշրջանցելի» կլինի նրա անձննական հեղինակությունը հանրության շրջանում:
     Այո, արդի Հայաստանում չափազանց դժվար է գտնել այդպիսի գործչի, և միաժամանակ առավել դժվար է պատկերացնել մի քաղաքական ուժի, որը իր մեծամասնություն լինելու պարագայում կհանդուրժի այդպիսի տրամաչափով գործչին նախագահի պաշտոնում: Բայց, եթե դա չկա, ապա բացարձակապես չկա նաև նախագահի ինստիտուտի վրա տարեկան ոչ քիչ փողեր ծախսելու որևէ իմաստ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
2009 | 1
Facebook