Նոր Մոսկվայում բռնկված հրդեհի ժամանակ Կիրովից հայկական կազմակերպված հանցավոր խմբի նախկին առաջնորդ 54-ամյա Անդրանիկ Ասոյանը և նրա քաղաքացիական կինը՝ 34-ամյա Լյուդմիլա Իվանովան, ցած են նետվել 11-րդ հարկի բնակարանի պատուհանից, գրում է Mash Telegram ալիքը։
«Ավելի քան 15 տարի առաջ Ասոյանն իր հայրենակիցների հետ Կիրովում ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որը գումար է շորթել տեղի գործարարներից: Հանցավոր սխեմայի էությունը կազմակերպությունների և ձեռնարկատերերի միջև ալկոհոլի և ապրանքների գնման պայմանագրերի կնքումն էր: Հանցախմբի գործունեությունը կասեցվել է 2008 թվականին, իսկ նրա առաջնորդ Անդրանիկը հերթական դատվածությունն է ստացել և բանտում անցկացրել 8,5 տարի»,- հայտնում է Mash-ը:
Նախնական տեղեկություններով՝ Ասոյանն ու Իվանովան սենյակ էին վարձում այդ բնակարանում։ Հարևանները պատմել են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում նրանց միջև վիճաբանություն է եղել: