Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն գյուղ, որտեղ հայտնաբերել են անհայտ քաղաքացու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորաշեն-Արթիկ ավտոճանապարհին՝ գազալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդուն և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։ Օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Սարգիս Բադալյանն է։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործունեություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։