Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

12:00, շաբաթ, 25 նոյեմբերի, 2023 թ.
Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող կայքը գրում է. «Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները: Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա:

Դեռևս 2021 թվականից արբանյակային լուսանկարները փաստել են միայն տարածքի անխնամ և խոտածածկ դառնալը:

Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով (եկեղեցու մասին մանրամասն տես՝ Մեղրեցոց սբ. Աստվածածին եկեղեցին - Monument Watch)։

1960-ական թվականներին եկեղեցու ծավալների մեծ մասը քանդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով և վերածվելով ամառային բացօթյա կինոթատրոնի: Նշենք, որ սկսած 1960-ական թվականներից Ադրբեջանի իշխանությունները սկսեցին ակտիվորեն բռնայուրացնել Շուշի քաղաքի մշակութային ժառանգությունը՝ արհեստական կերպով փոխելով քաղաքի մշակութային կերպարը, այն վերածելով ադրբեջանական մշակութային կենտրոնի: Այս քաղաքականության արդյունքում զգալիորեն վնասվեց Շուշի քաղաքի հայկական թաղամասը և նրա հուշարձանները: Մասնավորապես, վթարային վիճակի հասցվեց Շուշի քաղաքի Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, Կանաչ ժամ եկեղեցին վերածվեց հանքային ջրերի ըմպելասրահի: Իսկ Կուսանաց վանք և Ագուլեցոց Ամենափրկիչ եկեղեցիները հիմնահատակ քանդվեցին և ոչնչացվեցին: Այդ նույն տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերվեց քաղաքի հայկական գերեզմանոցը: Մեղրեցոց եկեղեցու պարագայում Ադրբեջանի իշխանությունները պայթեցումներով քանդել են եկեղեցու պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Մկրտչյան 1980, 155-161, Պետրոսյան 2010, 137-148):

Մեղրեցոց եկեղեցու տարածքում 2017 թվականին պեղումներ է իրականացրել Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար պ. գ. թ. Երանյան Ն., ճարտարապետ Տիտանյան Մ.): Նախքան պեղումները (նկ. 2, 3) տարածքն ամբողջովին ասֆալտապատ էր, տեղում երևում էին միայն խորանը և երկու ավանդատները (Երանյան 2021, 498-502): Պեղումների արդյունքում հեռացվել է ասֆալտի շերտը և բացվել են եկեղեցու հիմքերը։

Մեր արձագանքը

Ադրբեջանի իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին քաղաքն օկուպացնելուց հետո ակտիվ կերպով շարունակում են դեռևս 1960-ական թվականներին սկսած Շուշի քաղաքի պատմության, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությունը։

Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը
Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը
6993 | 0
Facebook