Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) ձերբակալել է Գազայի հատվածի ամենամեծ` «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մուհամմադ Աբու Սալմիին և նրա մի քանի աշխատակիցների, ովքեր կասկածվում են ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հետ համագործակցելու համար, հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, հաղորդել է The Jerusalem Post թերթը:
«ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումն օգտագործել է բազմաթիվ ռեսուրսներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիա, որպեսզի ամրացնի իր թունելները, որոնք կառուցել է հիվանդանոցի տակ: Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը ռազմական իրեր է պահում հիվանդանոցում և նրա անմիջական հարևանությամբ»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակը: Ըստ Իսրայելի, հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ահաբեկչական խմբավորումը «հիվանդանոցն օգտագործել է` որպես ապահով ապաստարան իր ահաբեկչական ուժերի համար և նույնիսկ այնտեղ է բերել հարձակման օրն առևանգված իսրայելցի պատանդներին»։
2014 թվականից Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս նշել է, որ Գազայի հակամարտության ժամանակ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաները թաքնվել են Ալ-Շիֆա հիվանդանոցի թունելներում, իսկ համալիրը դրանից հետո վերածվել է ստորգետնյա ռազմաբազայի, հիշեցնում է The Jerusalem Post-ը: