Հնագետ, պատմաբան Տիգրան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերդի տարածաշրջանի ամրաշինական համակարգի պատմությունից
Ավատատիրական կարգերի հաստատումից հետո, Հայաստանում ձևավորվեցին առանձին շրջանների պաշտպանությունն իրականացնող ռազմականացված հենակետերի համակարգեր: Դրանք բաղկացած էին կենտրոնական կամ գլխավոր ամրոցից և նրա շուրջը ստեղծված ավելի փոքր` արբանյակ բերդերից: Պաշտպանական համակարգի առանցքը հանդիսացող գլխավոր ամրոցը հանդիսանում էր իշխանության կենտրոնը, իշխանի հիմնական նստոցը: Բնականաբար, այն լինում էր ավելի մեծ, որտեղ տեղակայվում էր նաև մշտական կայազորը, և իր ռազմական կարողությամբ պատրաստ էր ետ մղել թշնամու հարձակումները: Մյուս բերդերը համեմատաբար փոքր էին, որոշ դեպքերում` սոսկ ամրակայված և ռազմականացված դիտակետեր: Դրանք տեղակայվում էին կենտրոնական ամրոցից ոչ հեռու, խնդիր ունեին տեղեկացնել թշնամու մոտալուտ վտանգի մասին և իրենց վրա վերցնելով հակառակորդի առաջին հարվածները` հնարավորինս կանգնեցնել նրա առաջխաղացումը: Բերդի տարածաշրջանի ամրությունների դեպքում դրանցից էին` Տավուշ ամրոցի համար Կածարեթ, Մածնաբերդի (Աղջկաբերդ) համար` Երգեվանք բերդերը: Վերջինիս համար այդ երևույթը պատկերավոր նկարագրել է բանահավաք Ի. Չանգլյանը. «Խորանաշատից թշնամու մուտքը հայտնել են Երգեվանք, այստեղից` Էրիձորի մոտ` Խզնի քարին, սրանք` Աղջկաբերդին, այստեղից` Մանուկի բերդին, սրանք էլ` Փառիսոս և այլն»:
Լուսանկարում` Խորանաշատի վանքը Երգեվանքի բերդից և Տավուշ ամրոցը Կածարեթ բերդից»: