Նարեկ Զեյնալյանը բանկում բաժնեմաս է գնել. ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավորը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչ այդ՝ 2010-2018 թվականներին, Զեյնալյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։ Բժշկի՝ երկար տարիների կարիերայի ընթացքում համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 1 անհատական բնակելի տուն, 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 734 հազար դրամ։ Եկամուտներից 9 մլն 485 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 24 հազար դրամը շահաբաժին է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ից, քանի որ, ինչպես նշված է հայտարարագրում, Զեյնալյանը բաժնեմաս ունի նշված բանկում։ Զեյնալյանը այլ եկամուտներ ստացել է ID Bank-ից և «Ինեկոբանկ»-ից։ Պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 890 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, և հենց այս պատճառով է, որ Զեյնալյանը ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 510 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է»: |