Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.

Համացանց

«Ի վերջո կողմնորոշվիր՝ տո՞ն է, թե՞ օրհաս, մոլորված, կեղեքվող ՀՀ քաղաքացի». Նարինե Դիլբարյան

03:18, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
«Ի վերջո կողմնորոշվիր՝ տո՞ն է, թե՞ օրհաս, մոլորված, կեղեքվող ՀՀ քաղաքացի». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժան Պոլ Սարտրը խորհրդանշական վերնագրով վեպ ունի՝ «Սրտխառնոց»։ Տևական ժամանակ արդեն մեր իրականությունը նույն խորագիրն ունի՝ քայլում ես Երևանի կենտրոնական փողոցներով և զարմանքով ականատեսն ես ողորմ լուսաշղթաներով փաթաթված, կարծես խեղդվող ծառերի, սպիտակ կոպիտ լարերով, ծուռումուռ լապտերիկներով թնջուկներ, որ այնպես ձիգ են ագուցել կենդանի ծառերի բնին և շիվերին՝ դեռ տերևազարդ, որ թվում է՝ բանտել են, զսպաշապիկ հագցրել, տոնական լուսավորման հույսը, գեղեցիկի սպասումը վերածվում է այլանդակից ծնվող վախի։ Քաղաքապետարանից հոխորտում են, թե Թամանյանական Երևանի ճարտարապետական կոթողներին վերստին նոր խոռոչներ, Քրիստոսին խաչելու գամերի հետքեր հիշեցնող նոր գողգոթայի անցքեր են բացելու՝ լուսահեղձ են անելու, իսկ ժամը 18։30-ից երբ վերադառնում ես տուն՝ Ավան լինի, թե Նորք, Զեյթուն, Քանաքեռ, Աջափնյակ անգամ Կոմիտասի զուգահեռ փողոցներ այնպիսի խավար է, որ ավտոմեքենայի հեռավոր լույսերն անգամ չեն օգնում ճանապարհի խոչ ու խութերը տեսնելու և այնտեղ ջարդված մեքենայով չհայտնվելու։ Լուսավորելու մղում ունեք՝ քաղաքի փողոցների լուսարձակները ստուգեք՝ ո՞ւմ եք խաբում ծառերին ու կառավարական շենքերին տոնածառի ձեր դրասանգներով ու պարաններով։ Աշխատելու և քաղաքին տեր կանգնելու ցուցք է, փաստորեն գումար ունեն, բյուջեներ՝ ծախսային հոդվածներով, բայց հարցնող կա՞՝ որտե՞ղ եք ծախսում, ինչի՞ համար, առաջնահերթություն ունե՞ք։ Փախստական, անտուն- անտեր դարձած մեր Արցախի Հանրապետության տասնյակ հազարավոր բնակիչներին տարածքներ չեք հատկացնում, շինարարություն ծավալում, որ մարդիկ հույս ու լույս տեսնեն հայրենիքի այս մասում, մոխրացած սրտով չարտագաղթեն, հետո էլ բղավում եք, թե քաղաքացու օր եք սահմանել՝ երջանիկ, ազատ ու հպարտ քաղաքացիների համար պետություն եք կառուցում, ժողովրդի անունից խոսում։ Հայրենիքը հանձնել եք թշնամուն, գերիներին ու պատանդներին՝ ցեղասպաննների դատին, մեր տարածքներն ու հուշարձանները աճուրդի եք հանել պատերազմահոտ խաղաղության անունից, խաչերը խոնարհել, բիբլիական լեռից հրաժարվել, պատմական քարտեզներից ձերբազատվել, կեղծել, դասագրքերը դարձրել կրավորականության քարոզիչ և գոռում եք՝ ամանոր է, տոն է։ Մի կողմից ճիչեր՝ Հայաստանը արևմտյան ադրբեջան են կոչում, հասեք՝ փրկեք, մյուս կողմից թյուրքական արտադրանքներով պչրվող ձմեռպապիկներ ու դրասանգներ։ Ի վերջո կողմնորշվիր՝ տո՞ն է, թե՞ օրհաս, մոլորված, կեղեքվող ՀՀ քաղաքացի»:

| | |
1827 | 2
Facebook