2020 թվականի ճիշտ այս օրը՝ նոյեմբերի 20-ի վաղ առավոտյան Ստեփանակերտում ինձ տեղեկացրին, որ կեսօրին մոտ Ակնան (Աղդամ) հանձնվելու է Ադրբեջանին՝ ըստ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի պայմանավորվածության։ Դեպի Ակնա ճանապարհին մեզ ուղեկցեցին ռուս խաղաղապահները, բայց Ասկերանն անցնելուց հետո պահանջեցին առաջ չգնալ, քանի որ մենք կարող ենք բախում հրահրել։
Մենք ամեն դեպքում գնացինք առաջ ու հասանք մինչև Ակնայի խաչմերուկ, որից դեպի ձախ ճանապարհը տանում էր Մարտակերտ։ Այդ ճանապարհով հասանք մինչև Տիգրանակերտի ամրոց ու Վանքասարի եկեղեցի, որոշ տեսարաններ վերջին անգամ նկարեցի, ու վերադարձանք։
Երբ հասանք Ակնայի խաչմերուկ, այնտեղ արդեն ադրբեջանցի զինվորականներն ու ռուս խաղաղապահներն էին կանգնած։ Մենք հասանք Ասկերանի մոտ, որտեղ արդեն հայկական կողմի ուղեփակոցն էին տեղադրում։
Ծանր էր ներկա լինել հայրենիքի մի մասի հանձնմանը գործարքով։