«Իշխանությունն ինչ-որ բան է պայմանավորվել մեր թշնամիների հետ»․ Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը 168TV-ի եթերում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԵԱՀԿ ԽՎ՝ ՀՀ-ում անցկացվող աշնանային նստաշրջանի բացման ելույթին, հայտարարել է․ «Փաշինյանը ասել է, որ տպավորություն է ստեղծվում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը նախապատրաստվում է պատերազմի։ Իրանց թվում ա, իրանք կասկածների մեջ են, որ Ադրբեջանը նախապատրաստվում ա պատերազմի։ Շարունակենք մեր բացահայտումների շարքը։ Թուրքիա-Ադրբեջանի դոկտրինալ տեսլականը ՀՀ մասնատումն է, որ իրենք բնավ չեն թաքցնում․ ՀՀ հիմնական կենտրոնական լոգիստիկ ուղիների վերահսկումը և, ըստ էության, հայկական գործոնի չեզոքացումը տարածաշրջանում և ՀՀ տարածքի հաշվին թուրք-ադրբեջանական ցամաքային սահման ձևավորելու, որը թույլ կտա վերահսկել թուրքական աշխարհը՝ Միջերկրական ծովից մինչև Չինաստանի սահման»։ Հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանը խոսում «Խաղաղության պայմանագրի» մասին, որի մասին խոսում է և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, Աբովյանը պատասխանել է․ «Ըստ էության արձանագրումներ են տեղի ունենում։ Իրանք ինչ-որ բան են պայմանավորվել մեր թշնամիների հետ։ Բայց այն, ում հետ իրենք պայմանանվորվել են, կարծես չունեն նպատակ էդ պայմանավորվածությունը հնչեցնել։ Ինչի՞ համար․ ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ադրբեջանին պետք չի հարաբերությունների կարգավորումը այն տեսլականի ներքո, որը այս իշխանությունը ներկայացնում է շատ պարզ պատճառով․ իմաստը ո՞րն ա, եթե իրանք այս կամ այն եղանակով մեկա ստանում են։ Ինչ էլ իրանք գան պատմեն, բողոքեն, արձանագրեն, մեկա, Թուրքիան ու Ադրբեջանը՝ օգտագործելով ՀՀ թրքահաճո, ադրբեջանամետ, միգուցե ակամա, քաղաքական սխալները, ըստ էության, հասնում են այն ամենին, ինչ իրենք ուզում են։ Սարսափելին այն է, որ ՀՀ իշխանությունն է իր քաղաքականությամբ ամրագրում Թուրքիայի և Ադրբեջանի ոտնձգությունները։ Օրինակ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հանձնումը Ադրբեջանին։ Հիշեցնեմ՝ Գորիս-Կապանի հանձնումից հետո եղավ Ջերմուկի և Գեղարքունիքի հատվածում ՀՀ տարածքների զավթումը և այսօր ուղիղ նշանառության տակ գտնվում են ՀՀ քաղաքները։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը կա՛մ չի հասկանում, կա՛մ գերադասում է չհնչեցնել կարևոր մի առանձնահատկություն, որը հիմքն է այսօրվա մեր խնդիրների։ Դա նա է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և խոշոր աշխարհագրական խաղացողների տեսլականի ներքո խաղաղությունը իրենք տարբեր ձևով են տեսնում։ Եթե ՀՀ իշխանությունները տեսնում են հետևյալ ձևաչափի մեջ, որը քաղաքագիտական տգիտություն է, այն է՝ ինչ կա-չկա տանք՝ Արցախ, անկլավներ և մեզ հանգիստ կթողնեն։ Դա հավասարազոր է նրան, որ ձեր տուն մտնում են ջարդարարները, դուք ձեր ձեռքերը, ոտքերը կապում եք, ասում՝ տես չեմ դիմադրում, խոհանոցը, ննջարանը վերցրու, թող ես զալում մնամ։ Պառկում ես գետնին։ Պարզ ա՝ գլուխդ կկտրեն։ Նույն վիճակում իրանք դրել են մեզ՝ բոլորիս»,- ասել է Աբովյանը։ Հիշեցնենք՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետն ասել էր․ «Ե՛վ լավ լուրեր ունենք, և՛ վատ։ Լավ լուրն այն է, որ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Վատ լուրն այն է, որ մենք դեռևս խոսում ենք տարբեր դիվանագիտական լեզուներով ու հաճախ չենք հասկանում իրար, սրա համար իհարկե կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ երկարամյա հակամարտությունը՝ պատմական որոշակի կոնտեքստով, հազարավոր զոհերը, որոնց հարազատների աչքերի մեջ դժվար է նայել, տասնյակ գերիները, որոնց ընտանիքի անդամների հարցերին պատասխաններ չկան, տասնամյակներով գերիշխող ատելության մթնոլորտն ու կասկածները, որ կառուցողական հայտարարությունների տակ թաքնված են վատ մտադրություններ։ Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ ՀՀ-ն սկսել են կոչել Արևմտյան Ադրբեջան ու այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա ՀՀ-ի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում ու խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»։ |