Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մենք ապրում ենք զուգահեռ իրականությունների խաչմերուկում, որը բնավ խաղաղության խաչմերուկ չէ։ Այսպես՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը գրավող Փաշինյանն իր կառավարությամբ 21 թվականի արտահերթ ընտրություններում Արցախը պաշտպանելու, նրա կարգավիճակի համար պայքարելու, ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ու քաղաքացիների իրավունքները հարգելու և ապահովելու նախընտրական ծրագրով իր մեծամասնությունը, իմա՝ իշխանությունը պահեց ԱԺ-ում, հետո այդ ամենն ամրագրեց կառավարության ծրագրում, ապա հրաժարվեց այդ ամենից։ Խաղաղության հասնելու անվան ներքո ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում՝ դրանով իսկ ադրբեջանին իրավունք տալով հայաթափել Արցախը, ցեղասպանել Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ԱՀ-ն ուծարելու հրամանագիր ստոորագրել տալ, արցախցիներին անհասկանալի կարգավիճակներ առաջարկել, Արցախի պետական հաստատությունների գործունեությունը համարել ազգային անվտանգության սպառնալիք։ Ըստ ամենայնի դա ադրբեջանի համար սպառնալիքն է, որովհետև ալիևի ֆաշիստական քաղաքականության ձախողմանն է ուղղված, բայց Էդմոն Մարուքյանից մինչև Ալեն Սիմոնյան՝ հարակից ուժերով, դա համարում են ՀՀ ազգային անվտանգության սպառնալիք։ Դիվանագիտական ճակատում իրավիճակը նույնն է՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի 5-րդ հայցն ընդդեմ Ադրբեջանի: Միջանկյալ միջոցի կիրառմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ցանկացողների վերադարձը ԼՂ, ինչպես նաև այնտեղից հեռանալ ցանկացողների անխոչընդոտ դուրսբերումը, մնացողների՝ անվտանգությունը: Բարձր ատյանը նաև պարտավորեցրել է Բաքվին պահպանել հայերի ինքնությունն ու մասնավոր սեփականության նկատմամբ իրավունքը հաստատող բոլոր փաստաթղթերը և դրանք հիմք ընդունել հետագայում: Ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը Ադրբեջանը պետք է ներկայացնի ութ շաբաթից: Արդ՝ ութ շաբաթից ի՞նչ է լինելու, ովքե՞ր և ինչպե՞ս են պատժվելու պարտավորությունները չկատարելու համար, ովքե՞ր են պատժելու, ամենակարևորը՝ մենք մեր պետությունն ենք պահելո՞ւ, թե՞ խաչմերուկ ենք դարձնելու․․․․»։