Ֆրանսիան հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային միջուկային հրթիռը
![]() Ֆրանսիան նոր ռազմավարական բալիստիկ հրթիռ է հաջողությամբ փորձարկել՝ M51.3-ը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել։ Հրթիռը, ինչպես նախատեսված էր, ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում` ափից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը։ M51-ի երրորդ տարբերակը գործարկվել է Biscarrosse փորձարկման կենտրոնից` առանց միջուկային լիցքավորման՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Նոր զինատեսակները հնարավորություն կտան «պաշտպանել Ֆրանսիայի կենսական շահերը ցանկացած պարագայում», ընդգծել են գերատեսչությունում։ Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որն ունի միջուկային զենք։ M51-ը պինդ վառելիքով աշխատող բալիստիկ հրթիռ է՝ 9000 կմ առավելագույն շառավղով և 52 տոննա արձակման քաշով, որը տեղակայվում է սուզանավերի վրա։ Իր բնութագրերով այն համեմատելի է ռուսական Բուլավայի և ամերիկյան Trident-ի հետ։ M51-ի երրորդ տարբերակի վրա աշխատանքներն սկսվել էին 2014թ.: Ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2025 թվականին։ Նոյեմբերի սկզբին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին «Բորեյ» դասի նոր միջուկային սուզանավից` «Կայսր Ալեքսանդր III»-ից: Հաղորդվում է, որ հրթիռն արձակվել է Սպիտակ ծովի հյուսիսից և խոցել Կամչատկայի հեռավոր արևելյան շրջանում գտնվող թիրախը։ Իր հերթին, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ ռուսական միջուկային զենքի կրիչների՝ Յարս և Բուլավա հրթիռների փորձարկումներն ավարտվել են անհաջող։ Հետախուզության գլխավոր տնօրինության տվյալներով՝ խնդիրներ են առաջացել նաև RS-28 Sarmat միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հետ կապված։ |