Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինի ազգային վարչակազմը չի համապատասխանում Գազայի հատվածի կառավարմանը։ Նրա խոսքով՝ Մահմուդ Աբասը դեռ հրաժարվում է դատապարտել հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելում իրականացված զանգվածային սպանությունները, այս մասին գրում է The Times of Israel-ը։
«Գազայում չի կարող ղեկավարել կառավարություն, որն աջակցում է ահաբեկչությանը, խրախուսում է ահաբեկչությունը, ֆինանսավորում է ահաբեկչությունը»,- ասել է նա: Վարչապետը նաև հայտնել է, որ պատերազմի ավարտից հետո Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում գործողությունների լիակատար ազատություն կունենա։ Նրա խոսքով՝ դա միակ ճանապարհն է՝ ապահովելու անկլավի ամբողջական ապառազմականացումը։