ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում են միջազգային ամենահայտնի կազմակերպության խորհրդարանականները։
Միջազգային հանրությունն, ընդհանուր առմամբ, իսկ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, մասնավորապես, վաղը նորից գնահատելու են Հայաստանում տիրող վիճակը:
Իրենք այս վիճակի պահպանության համար պատրաստ են անտեսել Հայաստանում իրենց իսկ զեկույցները, որոնք արձանագրել են ոտնահարվող մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Պատրաստ են անգամ անտեսել տարիներ առաջ իրենց իսկ տված խոստումները, թե մեզ հետ կիսելու են երջանիկ անհատի ու հասարակության իրենց գաղտնիքները։
Հակամարտությունների այս շրջափուլում վերը գրվածն ամենևին տեսական մտքեր չեն։ Իրավիճակներ, որոնք կարող են կրկնվել Արցախում, Ուկրաինայում, Գազայում արտաքուստ անգամ արժանանում են տրամագծորեն տարբեր վերաբերմունքի։
Տպավորություն է, որ կամ միջազգային կառույցներն ու հանրությունն այլևս հոգնել են իրենց իրական դեմքը թաքցնելուց, կամ հոգնել են ձևացնելուց ու խնդիր չեն դնում իրենց երեսը պահելու կամ մենք ենք սկսել տեսնել իրականությունը»։