Արդեն հայտնել էինք, որ Երևանում այսօր մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում նիստին։ Այս պահին լրագրողների հարցերին է պատասխանում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Հարցին՝ նստաշրջանի ընթացքում նախատեսվո՞ւմ է բանաձևի ընդունում, ասել է՝ ըստ ԽՎ կանոնադրության, աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունում։ Մյուս հարցին՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ՌԴ-ի պատվիրակությունները պատճառաբանություն ներկայացրե՞լ են՝ ինչու չեն եկել, նշել է․ «Որպես էդպիսին, պարզաբանումներ չեն ներկայացվել։ Գիտեմ, որ ՌԴ պատվիրակությունը երեկ նամակով դիմել է ԽՎ նախագահին՝ ընդամենը տեղեկացնելով, որ չեն մասնակցելու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, մի քանի անգամ հարց են բարձրացրել իրենց անվտանգության հետ կապված, ՀՀ-ն արձագանքել է, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան։ Ինչ վերաբերում է Թուրքիայի պատվիրակությանը, որևէ տեղեկություն չունենք»։