«Իշխանությունները կալանքը վերածել են քաղաքական մահակի»․ Գոհար Մելոյան
Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան ընդունեց «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ Եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ հրատապ բանաձևը։ Այս բանաձևով ԵԺԿ-ն իր մտահոգությունն է հայտնել Բելառուսի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի իշխանությունների կողմից թիրախավորված քաղաքական գործիչների վերաբերյալ և կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին: Հայաստանին առնչվող դրվագում մասնավորապես անդրադարձ է կատարվում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը՝ դիտարկմամբ. «Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ազատազրկումը, չնայած հիմնավոր ապացույցների բացակայությանը, մեզ խիստ մտահոգում է։ Պարոն Աշոտյանը երկու ամսից ավելի զրկված է եղել ընտանիքի հետ շփումից»: Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԺԿ հրատապ բանաձևին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այս բանաձևում Հայաստանն այնպիսի պետությունների անունների կողքին է, որոնք, ակնհայտ է, թե ինչ ընկալում ունեն Եվրոպայի և Արևմուտքի կողմից: Բուն բանաձևի բովանդակությանն անդրադառնալով՝ մասնագետը պարզաբանել է. «ԵԺԿ-ն, բացի ընդհանուր թվաքանակը նշելը, յուրաքանչյուր պետությանն առնչվող դրվագում անվանական նշել է իրենց որակմամբ քաղբանտարկյալի փաստի առկայությունը: Հայաստանի պարագայում Արմեն Աշոտյանն է, որովհետև նույն ԵԽԽՎ-ն 2012 թվականին ընդունված բանաձև ունի, որը տալիս է «քաղբանտարկյալ» եզրույթի բովանդակությունը և հստակ ձևակերպումը: Այդ հասկացության ներքո, ինչպես բազմիցս նշել է փաստաբանական, իրավական համայնքը, Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է, ինչի մասին ևս մեկ անգամ արդեն բանաձևի տեսքով բարձրաձայնում է ԵԽ խոշորագույն քաղաքական ուժը, և կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ առաջնորդվել ժողովրդավարության չափանիշներով, օրենքի գերակայությամբ և վերականգնել Արմեն Աշոտյանի իրավունքները՝ նրա նկատմամբ արդար դատաքննություն իրականացնելով»: Գոհար Մելոյանը նկատել է՝ կարծես այս քայլով փորձ է արվում կոտրել նաև այն լռությունը, որն Արևմուտքը բարիդրացիական քողի տակ պահպանում էր Հայաստանում տեղի ունեցող ծայրահեղ իրավախախտումների պարագայում, երբ իշխանությունները ոտնահարում էին իրավական պետության հենասյունային այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք օրինականության, իշխանությունների տարանջատման սկզբունքներն են, իրավունքի գերակայությունն է: «Իշխանությունները յուրաքանչյուր լարված գործընթացի ժամանակ չեն խորշում կիրառել ակնհայտ ծայրահեղ բռնաճնշումների հակաիրավական գործիքակազմը: Այն աստիճանաբար մասշտաբայնություն է ստանում, և իշխող ուժն էլ ավելի քիչ կաշկանդվածություն է դրսևորում օրենքը շրջանցելուց: Դիցուք՝ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրյակի հասնող քաղբանտարկյալներ ունենք վերջին ուժի իշխանության օրոք, ընդհուպ՝ դեռ ունենք քաղբանտարկյալներ, որոնց նկատմամբ կալանք է կիրառված: Ունեցել ենք դեպք, երբ մարդը հացադուլ է հայտարարել, և քաղբանտարկյալ լինելով՝ կյանքից զրկվել է անազատության մեջ: Ու այս իրավիճակում մեր երկրում արձանագրում ենք փաստ, որ կալանքը այս ուժի համար խափանման միջոցից վերածվել է քաղաքական մահակի: Ու բացի այդ, կալանքը, որպես կանոն, զուգորդում են կալանավորվածի բացարձակ մեկուսացմամբ: Ակնհայտորեն, հիմնական նպատակը պատժիչ բնույթն է՝ մարդուն հանրությունից լիովին մեկուսացնելով՝ այն դեպքում, երբ կիրառված պատժամիջոցն ընդհանրապես համաչափ չէ տվյալ «հանցանքին»»,- ամփոփել է Գոհար Մելոյանը՝ նկատելով, որ ԵԺԿ այս բանաձևը, թերևս, կարելի է ընկալել նաև իշխանություններին ուղղված սթափության կոչ: |