Ով է Ֆաթիմա Զուրաբովան և ինչ է նրա մասին հայտնի
![]() Նոյեմբերի 10-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Ֆաթիմա Զուրաբովայի անհետ կորչելու մասին: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 14-ի ժամը 20.45-ին Ֆաթիմա Զուրաբովան Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել էր Քանաքեռ-Զեյթունի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ում տարածվել է Ֆաթիմա Զուրաբովայի ուղերձը, որտեղ նա հայտնում է, որ տնից հեռացել է, քանի որ ընտանիքի անդամների կողմից վատ վերաբերմունքի էր արժանանում. «Չեմ ուզում ապրել այն տանը, որտեղ ինձ չեն սիրում, չեն հարգում, ուզում եմ ապրել լիարժեք ազատ մարդու կյանքով։ Տանից արժեքավոր որևէ բան չեմ վերցրել։ Ինձ հետ ամեն ինչ լավ է»։ Այսօր կեսօրին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը այս կապակցությամբ գրել էր. «2023 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր ընկերոջ եղբոր դուստր՝ Ֆաթիմա Ահմադի Զուրաբովան, Մին. Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օրս որևէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ: Նոյեմբերի 14-ին Ֆաթիմա Զուրաբովան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, ապա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Նա հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել և գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն, որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով: Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, ով, իմանալով իր պատմությունը, դեպի ՀՀ գնել է տոմս, որից հետո սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան: Հայաստանում բնակություն է հաստատել Աշտարակ քաղաքում՝ կազմակերպության կողմից վարձակալած վայրում: Նշել է, որ ՀՀ-ում որևէ բռնության չի ենթարկվել, որևէ մեկն իրեն վնաս չի հասցրել: Հայտնել է, որ տեղյակ է այն մասին, որ իր հորեղբայրները գտնվում են ՀՀ-ում: Վերջիններս հանդիպել են իրեն: Նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով։ Վերոնշյալ վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Վերջինս արգելանքի տակ չէ, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել։ Նախաքննությունը շարունակվում է»: |