Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրին» ու «Խաղաղության խաչմերուկին»: «Առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան՝ իհարկե այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն չի կարող այն ստորագրել միայնակ. դրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը: Խաղաղության 3 առանցքային սկզբունքները, ըստ էության, համաձայեցված են Ադրբեջանի հետ: Տեղյակ եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ամենաշատ քննարկվածներից է: Մեր բոլոր խոստումներն ու պարտավորությունները արտահատված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում. պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել դրա իրագործումն ու ակնկալում ենք տարածաշրջանի երկրների ու միջազգային հանրության աջակցությունը»,- ասել է վարչապետը: Փաշինյանը հարցադրում է հնչեցրել՝ եթե Ադրբեջանի հետ խաղաղության սզբունքները համաձայեցված են, ինչո՞ւմն է խնդիրը. «Մեծ հաշվով, պատճառն անվստահությունն է կողմերի միջև»,- ասել է նա՝ հավելելով, որ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան: Եզրափակելով՝ Փաշինյանը նշել է. «Ես իմ հերթին հույս եմ հայտնում, որ 2024-ը կլինի խաղաղության բյուջե և 2024-ը կլինի կայուն ու տևական խաղաղության մեր առաջին տարին»: