Ուկրաինայի դատարանը ռուսաստանցի ռադիո և հեռուստահաղորդավար, բլոգեր Արմեն Գասպարյանին, ով հաճախ է հյուրընկալվում Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներում, հեռակա դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
ՈՒԱԾ-ի մամուլի հաղորդագրության մեջ Գասպարյանին անվանում են «դենացիզացման գաղափարախոս», քանի որ հենց նա է տարածել այս տերմինը և սկսել օգտագործել այն Ուկրաինայի վրա հարձակման համատեքստում 2022 թվականի լայնածավալ ներխուժումից շատ առաջ։
SBU-ն ընդգծում է, որ 2018 թվականին Գասպարյանը հրատարակել է իր «Ուկրաինայի ապանացիացումը. Չսովորած դասերի երկիր», որը «շինծու պատմություններ է քարոզում ուկրաինական պետության ձևավորման ձախողման մասին և կոչ է անում Ռուսաստանի ղեկավարությանը ռազմական հարձակման ենթարկել Ուկրաինային»։
«Current Time»-ը գրում է, որ Գասպարյանը մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ցեղասպանության հրապարակային կոչեր, ինչպես նաև ցեղասպանության կոչերով նյութերի պատրաստում, սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ տապալմանն ուղղված գործողություններ կամ պետական իշխանության զավթում, ոտնձգություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ։
2023 թվականի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գասպարյանին ներառել է Ռուսաստանի Հանրային պալատում։