
Instagram-ը (պատկանում է Meta-ին) արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի որդիների հաշիվները և մեծ թվով բաժանորդներ ունեցող մի քանի այլ էջեր։ Այս մասին հայտարարել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը։
«Նախորդ օրն արգելափակվել են մեր հանրապետության առաջատար օգտահաշիվները տարբեր ինտերնետային հարթակներում»,- գրել է նա։
Նրա խոսքով, արգելափակվել են Քադիրովի որդիների՝ Ահմաթի, Էլիի, Ադամի և Համզաթի հաշիվները, ինչպես նաև էջերը, որոնք պատմում են անձամբ Ռամզան Քադիրովի և նրա հոր՝ Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ Ահմաթ Քադիրովի գործունեության մասին։ Բացի այդ, YouTube-ն արգելափակել է Չեչնիայի Գրոզնիի պետական հեռուստառադիոընկերության 3 ալիք։
Դուդաևն ասել է, որ արգելափակումը կապված է Արևմուտքի՝ «ճշմարտության ձայնը տեղեկատվական դաշտում խեղդելու» ցանկության հետ։ Հաշիվներն իրենք «տեղեկատվության հիմնական աղբյուրներն» էին Չեչնիայում, և տեղի ունեցածը բազմամիլիոնանոց լսարանի իրավունքների խախտում է, որը փորձում էր ճշմարիտ տեղեկատվություն գտնել: Դուդաևը հավելել է, որ Չեչնիան կփորձի վիճարկել նման որոշումը, սակայն արգելափակումը «թույլ չի տա թաքցնել իրական ճշմարտությունը»։