ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշմանը, ասել է․ «Այս պարագայում, երբ Հայաստանն ու Արցախը գտնվում են բավականին լուրջ ռազմաքաղաքական իրավիճակում և սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, դա նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ անվտանգությունը: Մենք այդ դաշինքի անդամ ենք, որի շրջանակներում պետք է ձևավորենք մեր հարաբերությունները։ Շատ դեպքերում հարաբերությունների վատթարացումը նաև կախված է եղել ՀՀ իշխանություններից։ Հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի քրեական հետապնդումը, զորավարժություններին չմասնակցելը և այլն, և այլն»։ Օհանյանն այն տեսակետը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր կառույցներում, որտեղ մասնակցություն ունի և հատկապես՝ ՀԱՊԿ-ում, միջոցառումներին պետք է մասնակցի. «Եթե խնդիրներ ունի իր հարևանների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնի այդ հարթակներում»: