ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը դատի է տվել նաև «Հայելի» ակումբի հիմնադիր Անժել Թովմասյանին ու պահանջել 3 միլիոն 580 հազար դրամ փոխհատուցում։
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով տեղի ունեցածին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկարներում ֆրանսիայի հարավում գտնվող Պո*նիկ քաղաքն է (Po*nic)։
Այո, այո, ֆրանսիական հարավի այս չքնաղ քաղաքի անունը Պո*նիկ է եւ այստեղ է գտնվում Պո*նիկի ամրոցը, որը ճարտարապետական շեդեւր է։
Ինչի՞ հիշեցի ֆրանսիական Պո*նիկ քաղաքը։
Այսօր առավոտյան ծանոթացա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցին՝ ընդդեմ «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանի ու «պո*նիկ» բառն էստեղ ունի առանցքային նշանակություն։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը որոշել է դրսեւորել շեքսպիրյան Ռիչարդ 3-ի ստոիկյան վճռականություն ու դատի է տվել մի քանի տասնյակ հանրային դեմքերի, լրատվամիջոցների՝ իր «բարի համբավն ու պատիվը» արատավորելու համար, բայց այս մի հայցը երեւի ամենաունիկալներից է։
Եւվ այսպես, մոտ երկու ամիս առաջ Ալեն Սիմոնյանը մի իդիլիկ գրառում է անում, թե՝ «Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ Հայաստան ժառանգենք», եւ Անժելա Թովմասյանը, միանգամայն համաձայն լինելով այս գրառման հետ, սույն ստատուսի տակ գրում է՝ «պոռնիկ»։
Հարց է ծագում՝ արդյո՞ք տիկին Թովմասյանը չի ուզում, որ մենք մեր երեխաներին ժառանգենք ազատ, անկախ Հայաստան։ Վստահեցնում եմ ձեզ՝ շատ է ուզում։ Եվ ուրմեն, ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանի ստատուսի տակ գրում՝ «պո*նիկ»։ Որովհետեւ ֆրանսիական Պո*նիկ քաղաքը, ըստ տուրիզմի համաշխարհային կենտրոնի ամենավերջին հարցումների, համարվել է Եվրոպայի ամենաապահով ու անվտանգ, ապրելու համար ամենահարմարավետ քաղաքներից մեկը։ Այսպիսով, տիկին Թովմասյանն իր քոմենթով հույս է հայտնել, որ մի օր էլ մեր բնակավայրերը կլինեն նույնքան անվտանգ, խաղաղ ու ապահով, ինչպես Ֆրանսիական հարավի սույն էկզոտիկ անվամբ քաղաքը։
Այդ դեպքում, ինչո՞ւ է զայրացել Ալեն Սիմոնյանն ու որոշել դատի տալ Անժելա Թովմասյանին եւ որպես բարոյական փոխհատուցում՝ պահանջել 3 միլիոն 580 հազար դրամ։ Ես չեմ ուզում հավատալ, որ Ալեն Սիմոնյանը, ֆրանսիայի հարավում գտնվող շատ սիրուն քաղաքի հետ սույն զուգահեռը չի ընկալել եւ դա ընդունել է իր հասցեին արված վիրավորանք։ Իհարկե, «պո*նիկ» բառն իրեն վերագրելը ցանկացածի լեգիտիմ իրավունքն է, բայց երբ Ալեն Սիմոնյանի քաղաքական թիմի հավատավոր կանայք իմ ստատուսների տակ գրում են՝ «talanci», կամ նույնը գրում են կիրիլիցայով՝ «таланци», ես, բնականաբար, որեւէ պարագայում դա իմ վրա չեմ վերցնում, որովհետեւ կա մեկ պարզ, հստակ, դե յուրե ճշմարտություն՝ ես թալանչի չեմ։
Ավելին, Ալեն Սիմոնյան, իմ անձնական միջոցներով գնված պահարանը ես թողել եմ ԱԺ-ում ու եթե ինչ-որ մեկը, ինչ-որ մեկից բան է վերցրել՝ դա հաստատ ես չեմ։
Ըստ քրեադատավարական օրենսգրքի, մեղադրող կողմը պետք է դատարանում ապացուցի, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը, ֆրանսիական հարավի բարեկեցիկ քաղաքի մասին Անժելա Թովմասյանի ռեմարկն ընդունել իր հասցեին արված վիրավորանք։ Ապացուցողական միսիան, ըստ օրենքի, մեղադրող կողմի վրա է։
Ինչ վերաբերվում է ֆրանսիական Պո*նիկ քաղաքին, ապա այդ քաղաքում են գտնվում բուժիչ ջրերի ֆանտաստիկ կուրորտներ, որտեղ մարդիկ կարող են ազատվել ոչ միայն սթրեսներից, «նարցիսիզմից», փողոցում մարդկանց վրա թքելուց, այլ նաեւ բազմաթիվ այլ կպչուն մտքերից»։