Թուրքիան Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) հայց է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ:
Վերջինին մեղադրում են Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի ցեղասպանության համար։ Այս մասին X սոցցանցում հայտնել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբաններից մեկը՝ Մեթին Քըլունքը։
«Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի, Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, ով պետք է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իր կողմից իրագործած ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների համար »,- ասել է փաստաբանը՝ պարզաբանելով, որ 23 էջանոց փաստաթուղթը ՄՔԴ կուղարկվի Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից, որը ստացել է Քյուլունքի և նրա երկու գործընկերների հայցը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գազայի հատվածի դեմ իսրայելական բանակի ռազմական գործողություններն այլևս ինքնապաշտպանություն չեն և վերածվել են պաղեստինցիների ջարդի։